Ռուսական կողմը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հայտնել է, որ Հայաստանի համար ռուսական անվտանգության երաշխիքները մնում են ուժի մեջ։
«Իհարկե, չենք կարող չմտահոգվել, որ առաջընթացի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատման մասին լուրերի ֆոնին, ցավոք, ավելի հաճախ են հաղորդվում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին։ Կոչ ենք անում մեր գործընկերներին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասել է նա։
Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։
«Կողմ ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ վերադառնան 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը»,- հավելել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգության բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում և երկկողմ ձևաչափով մնում են ուժի մեջ։
«Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցումը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ «ապասառեցումը ժամանակ է պահանջում»։
Զախարովան ողջունել է այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում։ Նրա խոսքով՝ սա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ:
«Խաղաղության օրակարգում դեռևս կան մի շարք կարևոր, ես կասեի՝ գլոբալ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Սա ներառում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը և մարդասիրական հարցերը: Պատրաստ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներին այս ոլորտում բոլոր ուղղություններով տրամադրել աջակցություն, ցուցաբերել այն ձևով և չափով, որը կպահանջվի երկու կողմերի կողմից»,- ասել է նա։
Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն 5 օրվա ընթացքում 12-րդ անգամ հերքել էր ադրբեջանական դիրքերի ուղությամբ կրակոցների մասին Բաքվի հայտարարությունը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Մարտի 14-ին Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել էր խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։