Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում կայացած «դատական» նիստում և չի պատասխանել դատախազների կողմից իրեն տրված հարցերին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ նիստի ժամանակ Վարդանյանը հայտնել է, որ վատ է զգում իր հայտարարած հացադուլի պատճառով, որից հետո դատավորն ընդմիջում է հայտարարել նախկին պետնախարարի բուժզննման համար։
Բացի այդ, Վարդանյանը և նրա պաշտպանը կրկին միջնորդություն են ներկայացրել դատարանի կազմը վիճարկելու մասին, որը չի քննարկվել։
Հաջորդ «դատական» նիստը նշանակվել է մարտի 4-ին։
Վարդանյանը հացադուլ էր հայտարարել նաև 2024 թվականի ապրիլին՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքի հորդորից հետո նա դադարեցրել էր հացադուլը։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։