Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են, սակայն տպավորություն է, որ Բաքուն սպասողական փուլում է, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր հանգուցալուծումը և ՌԴ-ԱՄՆ գլոբալ պայմանավորվածություններն իրենց ազդեցությունն ու արդյունքն են ունենալու նաև Հարավային Կովկասի վր, թե իրադարձությունները տարածաշրջանում ինչ սցենարով կզարգանան:
«ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կապված դիրքորոշումներ ճշգրտեն»,- շեշտել է պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ դա վերաբերվում է ոչ այնքան լուծումների վերաբերյալ ԱՄՆ մոտեցումներին, որքան ճշտելուն, թե արդյոք այս կամ այն պարագայում ուժի կիրառումն ԱՄՆ-ի համար կարմիր գի՞ծ է, թե՞, առհասարակ, այդ թեման այս փուլում նրանց համար հետաքրքիր կամ ակտուալ չէ:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։