Ադրբեջանում ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային զորավարժություններ են ընթանում, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմը հետևել է զորավարժությունների ընթացքին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին զեկուցել են, որ ստորաբաժանումները կատարել են մարտական պատրաստության վիճակի բերելու գործողություններ՝ իրականացնելով տեղանքում քողարկման և պաշտպանության կազմակերպման միջոցառումներ, ինչպես նաև ժամանակակից մեթոդների և միջոցների կիրառմամբ մշակել են մարտի վարման և ինքնապաշտպանության խնդիրներ:
Հասանովը պաշտոնատար անձանց անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և մարտական պատրաստության բարձրացման ուղղությամբ հանձնարարականներ է տվել։
Հունվարի 25-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքն Ադրբեջանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևի հետ քննարկել էր ռազմական համագործակցության հարցեր։ Գյուրաքը վստահություն էր հայտնել երկու երկրների «համատեղ գործողությունների հետագա ընդլայնման» վերաբերյալ:
Հունվարի 23-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բաքվի հայտարարությունները, զորավարժությունների անցկացումն ու Ադրբեջանին զենքի մատակարարումը Երևանի համար մտահոգիչ էր անվանել։