Պաշտոնական Անկարան բարձր է գնահատել Հայաստանի կողմից հունվարի 19-ին 2 անձի Թուրքիային արտահանձնելու քայլը։
«Հայաստանը Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձանց է արտահանձնել՝ ի պատասխան «Ինտերպոլի» հարցման՝ իր կարմիր ծանուցման համաձայն: Թուրքիան բարձր է գնահատում այդ հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հունվարի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված 2 անձի։
Թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել Էրքան Յըլմազին և Իբրահիմ Կայմակին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Յըլմազը, որը հետախուզման մեջ էր 15 տարի, կապված էր թուրքական կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Բարըշ Բոյունի հետ։ Կայմակը, ըստ ԶԼՄ-ների, փախուստի մեջ էր 6 տարի։