Հայաստանը Թուրքիային է հանձնել Էրքան Յըլմազին և Իբրահիմ Կայմակին, հայտնել է Daily Sabah-ը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Հայաստանից երկիր է տեղափոխվել միջազգային հետախուզման մեջ գտնվող երկու կասկածյալ։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ «Ինտերպոլի» խնդրանքով ՀՀ-ից Թուրքիա են արտահանձնել «կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված» երկու անձի։
Daily Sabah-ի տվյալներով՝ Յըլմազը հետախուզման մեջ էր 15 տարի, նրա ձերբակալման 43 օրդեր էր տրվել, վերջին 14 տարիների ընթացքում նա ընդգրկված էր «Ինտերպոլի» ամենաշատ հետախուզվողների ցուցակում։ Նշվում է, որ նա կապված էր թուրքական կազմակերպված հանցավոր խմբավորման հայտնի առաջնորդ Բարըշ Բոյունի հետ, ով ձերբակալվել էր Իտալիայում 2024 թվականին։
Կայմակը փախոստի մեջ էր գտնում 6 տարի՝ փախչելով Թուրքիայի կողմից տրված 10 ձերբակալման օրդերից և մեկ տարի առաջ տրված ձերբակալության միջազգային օրդերից։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ Արդարադատության և Ներքին գործերի նախարարության ջանքերը հանգեցրել են Հայաստանում կասկածյալների ձերբակալություններին և հետագայում նրանց արտահանձնմանը։ Էրլիքայան շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ երկու տղամարդկանց «ձերբակալման և արտահանձնման գործում համագործակցության համար»: