Աշխարհաքաղաքական փոխակերպումները և միջազգային ասպարեզում փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության ոլորտում իրավիճակի վրա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Պետությունների ղեկավարները շահագրգռված են քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և դրա հնարավոր զարգացման տարբերակները։ Աշխարհաքաղաքական տրանսֆորմացիան և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն, անշուշտ, ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակի վրա»,- նշել է նա։
Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշումներն ու ստորագրված փաստաթղթերը «բացառիկ նշանակություն ունեն եվրասիական տարածքում անվտանգության ապահովման տեսանկյունից»։
Նոյեմբերի 28-ին Աստանայում կայացել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Առանցքային միջոցառմանը մասնակցել էին Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները նիստին չէին մասնակցել։
Տասմագամբետովն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի չմասնակցելը կազմակերպության քննարկումներին որևէ ազդեցություն չի թողնում ՀԱՊԿ արդյունավետության վրա։
Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին։ Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023թ․ բյուջեի կատարման քննարկմանը հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։