Ադրբեջանում ժամանակակից Հայաստանի տարածքն ուսումնասիրելու համար «Արևմտյան Ադրբեջանի հետազոտական և թյուրքագիտական կենտրոն» են բացել, X-ում (նախկին Twitter) հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
Կենտրոնում ադրբեջանցի դասախոսներին կսովորեցնեն «Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունն ինչպես հասցնել ուսանողներին», գրել է նա:
Լրագրողի խոսքով՝ Ադրբեջանի կառավարության կողմից աջակցություն ստացող կազմակերպության գրասենյակում կախել են Հայաստանի կեղծ քարտեզ, որի վրա հայկական տեղանունները փոխարինել են ադրբեջանականով:
«Արևմտյան Ադրբեջանի», այսպես կոչված, համայնքը 2023 թվականի նոյեմբերին Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջանի» մասին փառատոն էր անցկացրել և այն անվանել «քայլ՝ դեպի վերադարձ ժամանակակից Հայաստանի տարածք»։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ Երևանին մեղադրել էր ադրբեջանցիների՝ «Հայաստան վերադառնալու» իրավունքը ժխտելու մեջ: