Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը հայտնել է ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Ըստ պատգամավորի՝ զենքի խմբաքանակը Հայաստան է հասել վերջերս:
Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:
Հոկտեմբերի 23-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն սպասում է ռուսական զենքի մատակարարմանը, որի համար վճարել է 400 մլն դոլար՝ նշելով, որ ցանկացած պայմանագրում նախատեսված են և՛ ժամկետներ, և՛ պատժամիջոցներ այդ ժամկետները խախտելու համար։
Նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ-ից գնված, բայց չստացված սպառազինության մասին հարցին, նշել էր, որ տեղի են ունենում քննարկումներ, թե խնդիրն ինչ մեխանիզմներով կարող են լուծել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի սկզբին հայտնել էր, որ Մոսկվան ողջունում է վճարված, բայց չմատակարարված զենքի հետ կապված Երևանի մոտեցումը՝ «ամեն ինչ լուծել գործընկերության ոգով»:
Դեկտեմբերի 22-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել ՌԴ-ի հետ նոր ռազմական պայմանագրերի կնքումը: