Մի խումբ անհայտ անձինք գնդակոծել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակը։ Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատները և շրջափակել շենքը։ Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսվել: Ստամբուլում կուսակցության նախագահ Օսման Նուրի Կաբակտեպեն դատապարտել է հարձակումը։
«Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը նույնպես դատապարտել է հարձակումը՝ հայտարարելով, որ կուսակցության անդամները դեմ են բոլոր տեսակի սադրանքներին, ինչպես նաև հարձակումներին՝ Թուրքիայի քաղաքական ինստիտուտի վրա։
Ապրիլի 20-ին Ադանա նահանգում անհայտ անձը կրակ էր բացել ԱԶԿ-ի շտաբի ուղղությամբ: Կասկածյալը ինքնաձիգից 12 անգամ կրակել էր շենքի ուղղությամբ։ Ապրիլի 6-ին Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանը նույնպես գնդակոծվել է:
Հարձակումները տեղի են ունենում նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք տեղի կունենան մայիսի 14-ին: Թուրքիայի բնակիչները կընտրեն ոչ միայն պետության ղեկավարին, այլև խորհրդարանի 600 անդամի։