Վրաստանի Պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների ուժերի բազան կկառուցվի ՆԱՏՕ-ի չափանիշներով երկու տարվա ընթացքում։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով զինվորականների առջեւ՝ ռազմական հատուկ նշանակության ջոկատների ստեղծման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Այսօր մենք նշում ենք իսկապես լայնածավալ ծրագրի մեկնարկը Մուխրովանի ռազմական բազայում: Սա մեր խոստումն էր: Հատուկ գործողությունների ուժերի հատուկ, ժամանակակից կենտրոն և լիարժեք բազա կկառուցվի, որը լիովին կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրովանի ռազմաբազա ժամանած վարչապետի խոսքով՝ 70 միլիոն դոլար արժողությամբ նախագծի շինարարության մեկնարկը սկսվել է երեքշաբթի օրը՝ պարկուճի խորհրդանշական տեղադրմամբ։ Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, շինարարական աշխատանքները կավարտվեն երկու տարում։
Ռազմական հատուկ նշանակության ուժերի առաջին խումբը ստեղծվել է Վրաստանում 1999 թվականի նոյեմբերի 22-ին։ Հատուկ ստորաբաժանման ստեղծման օրվանից այն մասնակցել է ինչպես Վրաստանի տարածքում ռազմական գործողություններին, այնպես էլ խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում։