Ադրբեջանի Գերագույն դատարանում դատական գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի 4 քաղաքացիների վճռաբեկ բողոքների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է «Интерфакс-Азербайджан» – ը, 2021 թվականի նոյեմբերին դատարանը նրանց դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Գերագույն դատարանը, քննելով վճռաբեկ բողոքները, որոշում է կայացրել վերանայել պատժի ժամկետը. այդ ժամկետը նրանց համար նվազեցվել է մինչև 1 տարի 8 ամիս և 25 օր:
«Հաշվի առնելով, որ նրանց պատժի ժամկետը լրացել է, Հայաստանի բոլոր չորս քաղաքացիներն ազատ են արձակվել», – նշել են դատարանում:
Ավելի վաղ Ադրբեջանում հայտնել էին հինգ ռազմագերիների հայկական կողմին հանձնելու մասին: ՀՀ ՊՆ-ից Armenia Today-ին ասել են, որ այդ տեղեկությունը ճշտվում է: Իր հերթին ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ չի տիրապետում նման տեղեկություններին: