Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բորժոմիի անտառային հրդեհների մարման գործում օգնություն առաջարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Новости-Грузия»-ն։
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջարկել է օգնել տեխնիկայով, սակայն իրենք ևս մոբիլիզացրել են իրենց տեխնիկան, այդուհանդերձ՝ դժվարանցանելի տեղանքի պատճառով դա հնարավոր չէ օգտագործել։
Ինչ վերաբերում է հրշեջ ինքնաթիռներին, նախարարն ասել է, որ «դա մեծ շռայլություն է, և մենք չունենք»։ Գոմելաուրին նաև հայտնել է, որ որոշ չափով հնարավոր է եղել մեկուսացնել հրդեհների օջախները և կրակի տարածումը, սակայն ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից։
Հիշեցնենք, որ Բորժոմիի անտառներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 19-ից։ Վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքն ընդգրկում է 150 հա։