ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, քանի որ վերջինս հակաճառել է նրան, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Սիմիդյանը հուլիսի 12-ին Գորիսում կայացած հանդիպման ժամանակ հակաճառել էր Փաշինյանին սեպտեմբերին կայանալիք համագումարին վարչության ընտրությունների կազմակերպչական աշխատանքների շուրջ։
«Նա առարկել է՝ ակնարկելով, որ նախորդ ընտրությունների պատկերն ենք նորից ունենալու, երբ մի խումբ ՔՊ-ականներ կեղծիքներ իրականացրին, և բարձրացած աղմուկից ու վերահաշվարկի դիմումից հետո ընտրության արդյունքները փոխվեցին, փոխվեց նաև վարչության կազմը»,- գրել է թերթը։
Սիմիդյանն ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, հրամանագիրը հուլիսի 16-ին ստորագրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա։
Վարչապետի առաջարկությամբ և նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Շրջակա միջավայրի նախարար էր նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Սիմիդյանը ՇՄՆ նախարարի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականին։