Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ, հայտնել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշել է, որ նման պահանջով իր դիմումը բավարարվել է, և հանձնաժողովից իրեն տեղեկացրել են, որ մայիսի 15-ին հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
«Ուշադրության կենտրոնում են հետևյալ դրվագներն են՝ «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը»,- մանրամասնել է Թովմասյանը:
Պատգամավորը շեշտել է, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ․ դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։
«Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։ Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։ Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»»,- գրել է Թովմասյանը։
Նա հույս է հայտնել, որ սա իրավական նախադեպ է դառնալու, և որ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը:
Թովմասյանը հանձնաժողովից պահանջել է հանրային բաց ու թափանցիկ քննություն, պատշաճ մասնագիտական գնահատական:
«Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։ Պետական պատիվն սկսվում է խոսքից, իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- եզրափակել է նա։