Իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է այդ նախագծին:
Լրատվականի տեղեկությամբ՝ որոշումը վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանինն է, որի կարծիքով՝ տեսչություններ ունենալն անիմաստ է, ու պետք է փակել դրանք:
Թերթը նշել է, որ առաջիկա ամիսներին տեսչությունները կլուծարեն ու կոմիտեն զրոյից կգործարկեն։ Սա, ըստ թերթի, կարող է բունտ ստեղծել, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ բազմաթիվ աշխատակիցներ են կրճատվելու, ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու:
2018 թվականին 18 տեսչական ստուգումների օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին կառավարության ենթակայության ներքո՝ Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության Սննդի անվտանգության, Բնության և ընդերքի պաշտպանության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինները։