Դաշինքում չի քննարկվել 2026 թվականի ընտրություններին իր մասնակցելու հարցը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին կմասնակցի՝ առաջնորդելով ընտրացուցա՞կը, թե՞ սերնդափոխություն կլինի և իր որդին՝ Լևոն Քոչարյանը կփոխարինի իրեն:
«Դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ թե՛ լինի ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոցային պայքար, թե՛ լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Ֆորմատի մասով չեմ կարող հիմա որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է. ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել»,- ասել է նա:
Քոչարյանը բացատրել է, որ պրագմատիկ ասելով՝ նկատի ունի այն ֆորմատը, որն առավելագույն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ։
«Ավել բան հիմա չեմ կարող ասել, որովհետև ես այն մարդ չեմ, որն այսօր մի բան ասի, վաղը` մեկ այլ բան: Ինչ որ հիմա ասում եմ, ասում եմ հենց այդ կոնտեքստի մեջ՝ ծանրակշիռ մասնակցություն, ամենից պրագմատիկ ֆորմատ այդ պահի համար»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։