ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացը:
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, Գազայի հատվածում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու հեռանկարները:
Ադրբեջանական ԶԼՄ-ները օգոստոսի 4-ին գրել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն մի շարք մանրամասներ էր հայտնել այդ հնարավոր հանդիպման մասին, որ, ըստ նրա, կայանալու է օգոստոսի 8-ին: Լրագրողի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի , այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ լրագրողի՝ երեք առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Պաշտոնական Երևանից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին այս լուրը: