Ֆրանսիայի հետ ոչ թե ռազմական դաշինք կազմելու, այլ ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ զենք ձեռքբերելու պայմանագիր կստորագրվի, «Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ Ֆրանսիայի հետ բանակցություններում կլինի նաև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու հարցը։
«Պաշտպանական զինատեսակների մասին կարող է խոսքը լինել, ռազմաուսումնական հաստատություններում սպայական բազային կրթությամբ կադրերի պատրաստելը, օրինակ, Ֆրանսիայի հետ: Հակաօդային պաշտպանությունն այսօր մեր կարևորագույն բացերից ու խնդիրներից մեկն է, հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո: Անցած տարի սեպտեմբերին էլ խոցվեցին մեր հակաօդային պաշտպանության օբյեկտներից: Այն, ինչը եղել է այսօրվա պայմաններին չի բավարարում»,- ասել է նա։
Հարցին՝ եթե Հայաստանին վտանգ սպառնա, Ֆրանսիան հասնելո՞ւ է օգնության, Խաչատրյանն ասել է. «Ո՛չ, ռազմական դաշինքի մասին խոսք չկա, ընդամենը ռազմատեխնիկական փոխհամագործակցության սկիզբ է սա»:
Անդրադառնալով զենքի ձեռքբերման վճարովի կամ անվճար հիմունքներին՝ պատգամավորը նշել է, որ զենքի ձեռքբերման մեջ նվերներ չեն լինում։
«Զենքի ձեռքբերման մեջ նվերներ չեն լինում, իհարկե, ամեն ինչի համար Հայաստանի Հանրապետությունը վճարում է: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է վճարել: Զենքի ձեռքբերման պրոցեսները բավականին բարդ են ամբողջ աշխարհում, և մի շարք պրոցեսներ պետք է անցնեն, որպեսզի այդ գործընթացները ռեալ առարկայական դառնան, գուցե մեկ տարի»,- հավելել է նա:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։