Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ թափանցիկության և մուտքի անհրաժեշտությունը, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկատվություն՝ Ադրբեջանում ԼՂ հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին:
Գրիգորյանն ու Հաջիևը քննարկել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն առաջ մղելու հնարավոր կոնկրետ քայլերը, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը, անվտանգությունը, հաղորդակցությունը, հումանիտար հարցերը և, ընդհանրապես, խաղաղության պայմանագիրը։
ԵՄ-ն նշել է, որ Գրանադայում հանդիպումը պետք է օգտագործվի և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, համաձայն ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Սեպտեմբերի 24-ին ԱԽ քարտուղարի գրասենյակը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գրիգորյանի և Հաջիևի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 30-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։