ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել Վեհարան մուտք գործելու և Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու մտադրությունից, սակայն 100% արդյունքի հասնելու համար թիմակիցներին հորդորել է զգույշ գործել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրին։
Իշխանությունները վստահ են, որ կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է, պարզապես պետք է զինվել համբերությամբ, հավելել է թերթը: Վարչապետը հայտարարել է, թե «ինչքան կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան՝ իրենց օգուտ»:
«Փաշինյանը դեռևս Վեհարան գնալու վերաբերյալ իր պլանը թիմի մոտ չի բացահայտում, բայց բոլորը սրտատրոփ սպասում են նրա հրահանգին»,- ասված է հրապարակման մեջ:
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։ Այնուհետև շարունակելով պահանջել կաթողիկոսի հրաժարականը՝ վարչապետն առաջարկել էր նրա հեռացման ծրագիրը նախ սկսել Վեհարանը նրանից «ազատելով», ապա տեղապահ նշանակել որևէ ամուսնացյալ բարեվարք քահանայի, որը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։