«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավայրից 10-րդ նամակն է հղել «Ինչ չհաջողվեց ներկա իշխանություններին» վերնագրով՝ նշելով, որ նրա կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի հիմնված է լինելու ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և, հատկապես, երիտասարդների վրա»։
Նամակի բովանդակությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա եղբորորդին՝ «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
Կարապետյանը նամակում գրել է, որ իշխանություններին չի հաջողվել քնեցնել հայ ժողովրդի կամքը, հուսահատեցնել երիտասարդներին։
«Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող»,- նշել է նա։
Ըստ նրա՝ չի հաջողվել նաև լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։
Կարապետյանը շեշտել է, որ «տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացիաների շղթան կոտրվում է», և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով իրականությունը հասանելի է դառնում հայ հանրությանը։
Կառավարությունը, նաև չի կարողացել, ըստ Կարապետյանի կոտրել Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիներին, ովքեր տասնյակ տարիներ հերոսաբար պայքարելով՝ բացառիկ հարգանքի արժանի մարդիկ են։
«Իրենք հայտնվելով բանտում՝ մահվան բերան են ապրում։ Չնայած, իրենք իրենց և մեր բոլորիս պատիվը միշտ բարձր են պահելու՝ իսկական հայ տղամարդուն վայել»,- ասված է նամակի մեջ։
Կարապետյանը նաև անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող քննադատությանը՝ նշելով, որ իշխանություններին չի հաջողվել կոտրել հավատքը դեպի եկեղեցու առաքելություն։
«Որքան շատ են հալածում հոգևորականներին, այնքան շատ հայ մարդ մեր հոգևորականներից օրհնություն է խնդրում։ Որքան շատ են հարձակվում մեր եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջ»,- գրել է գործարարը։
Կարապետյանի համոզմամբ՝ գործող «փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է Հայաստանի ապագան։
«Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով»,- եզրափակել է Կարապետյանը:
2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված բարերարի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ հենց Սամվել Կարապետյանն է ղեկավարելու նոր ձևավորվող քաղաքական ուժը: