Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ, ըստ որի հուլիսի 23-ից իրենց մեքենաներն արգելվում է կայանել Աբովյան փողոցի՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածում։
Ըստ վարորդների՝ նախ ջնջել են կարմիր գծերը, իսկ հաջորդ օրը դեղին են ներկել, ինչը նշանակում է, որ իրենք կտուգանվեն, եթե տվյալ վայրում կայանեն։ Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ նրանց կայանումը երթևեկությանը խոչընդոտ է հանդիսանում։
Վարորդներն ընդգծել են, որ քաղաքապետարանի հատկացրած տեղերն «այնքան անմարդաշատ են ու անհրապույր, որ անգամ չեն հիշել, թե որ հատվածներում են տեղ հատկացրել»։ Տպավորվել է միայն Մատենադարանի դիմացի հատվածը, ասել են նրանք։
«Եթե խոչընդոտ ենք հանդիսանում երթևեկությանը, ապա այստեղ խոչընդոտ չենք։ Այստեղ կկանգնենք (ի նկատի ունի Հանրապետության հրապարակը-խմբ․)։ Առաջ այստեղ էինք, հետո կեսին հանեցին։ Մատենադարանի մոտ գնամ կանգնեմ ի՞նչ անեմ։ Տուրիստը այստեղ է ման գալիս։ Դա նույնն է, որ գնամ իմ տան բակում կանգնեմ»,- ասել է վարորդներից մեկը։
Ոստիկանության աշխատակիցներն ակցիա իրականացնող վարորդներին կոչ են արել նամակով դիմել քաղաքապետին։ Նրանք տեղեկացրել են, որ նամակ գրելուց հետո կվերադառնան իրենց սովորական աշխատավայրեր՝ մինչև եռօրյա ժամանակահատվածում պատասխանեն իրենց, սակայն իրենց տուգնելու կամ հեռացնելու դեպքում կվերադառնան ու կշարունակեն ակցիան։