ՀԷՑ-ի բարձր պաշտոններում երեկ՝ հուլիսի 24-ին կատարված մի շարք նոր նշանակումներն այնքան էլ պատահական չեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հայտնել է, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն նշանակված Լևոն Օհանեսյանը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենն էր, այժմ այդ հիմնադրամը գլխավորում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։
Ըստ լրատվականի՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների նոր տնօրեն Արմեն Շահնազարյանը 2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարն էր, 2017-2019 թվականներին՝ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրենը։
ՀԷՑ-ի իրացման նոր տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն նշանակված Արման Սմբատյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տեղեկացրել է թերթը։
Հուլիսի 24-ին Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոններում մի շարք նշանակումներ էր կատարել։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 18-ին Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Նա հուլիսի 21-ին հայտնել էր, որ ընկերությունում նախատեսվում են թոփ մենեջմենթում աուդիտ և կադրային հնարավոր փոփոխություններ։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել էին Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։ ՀՀ կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Կարդացեք նաև՝