Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թիմակիցների շրջանակում պարզաբանել է, որ չի ցանկանում որևէ կերպ մասնակցել կաթողիկոսի դեմ արշավին՝ դա համարելով անթույլատրելի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ պարզ չէ՝ սա հստակ տարանջատո՞ւմ է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներսում, թե՞ պարզապես քաղաքական հաշվարկ։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկությամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալ Գևորգ Վարոսյանը լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին։ Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։
«Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել դուրս գալ եկեղեցու դեմ։ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ և սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի»,- տեղեկացրել է թերթը։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։
Կարդացեք նաև՝