Հայաստանը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հուլիսի 19-ին արված հայտարարությունը։
Օկուպացված Արցախում ընթացող մեդիա ֆորումի ժամանակ Ալիևը խոսել էր «Զանգեզուրի միջանցքի» մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական մեկուսացմամբ։ Ալիևն ասել էր, որ Հայաստանն այդ ուղղությամբ ոչինչ չի անում, և «տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի շանսերը հավասարվում են զրոյի», հավելել, թե գործընթացն արգելափակելու դեպքում ՀՀ-ն կհայտնվի քաղաքական մեկուսացման մեջ։
Բաղդասարյանը շեշտել է, որ ՀՀ-ն չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը ՀՀ տարածքից դուրս եկավ, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության և արգելված ապրանքների շրջանառության անվերահսկելի աղբյուր բացվել։
«Հայաստանի համար նաև այս առումով հասկանալի չէ Ադրբեջանի հայտարարությունը։ Այլ բան, և դրա մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության սահմանային և մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Հիմա սա ընդունված ձևաչափ է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ամեն դեպքում, ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է նաև կապարակնքվեն՝ դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար»,- հավելել է նա։
Ըստ Բաղդասարյանի՝ պաշտոնական Երևանը Բաքվի և միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ-ն ինքն է ապահովելու իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների և ուղևորների անվտանգությունը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ՝ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը, ընդգծել է վարչապետի մամուլի խոսնակը:
«ՀՀ-ն պատրաստ է ապահովել տարանցման անվտանգությունը՝ թե՛ բեռների, թե՛ տրանսպորտային միջոցների, թե՛ խողովակաշարերի, թե՛ մալուխների և թե՛, իհարկե, ուղևորների համար։ Ինչ վերաբերում է երկու երկրներում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համար անհրաժեշտ ներդրումներին, ամեն երկիր ինքն է որոշում իրեն հարմար ներդրումային սխեմաները»,- ավելացրել է նա:
Բաղդասարյանը բացի այդ, հիշեցրել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունւ միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ՝ սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսևորումները կանխարգելելու և հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ Վարչապետի խոսնակը հավելել է, որ տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ, և երկրները երբեմն փոխադարձության սկզբունքով համաձայնության են գալիս տարիֆների հարցում։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպությունների և երկրների մասին է խոսքը: