ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Armenia Today-ին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը, ըստ էության, միտված օրենքները։
Քննչական կոմիտեն հուլիսի 4-ին Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում 4 անձ է կալանավորվել։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հուլիսի 15-ին ՍԴ դիմում էին ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հնարավոր էր համարել ՀԷՑ-ի կառավարման փոխանցումն այն երկրների օտարերկրյա ընկերություններին, որոնց հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: