ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում վրդովվում է, երբ ՔՊ նիստերից արտահոսքեր են լինում, և ամեն նիստից առաջ հատուկ զգուշացնում է, որ քննարկվածը չպետք է հայտնվի լրատվամիջոցներում, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Փաշինյանն անգամ սպառնում է, որ հայտնաբերելու և պատժելու է արտահոսք անողներին։ Լրատվականը նշել է, որ Գորիսի քաղաքական ժողովից հետո միակ պաշտոնյան, որ հարցազրույց էր տվել, ԱԺ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր։
«Չայած առանձնապես բացահայտումներ չի արել, հերթապահ պատասխաններ է տվել՝ ժողովի օրակարգի, առաջիկա համագումարի և համապետական ընտրությունների, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ միջանցք չի լինելու, բայց նրան նկատողություն են արել, որ չի կատարել կուսակցական պահանջը»,- ասված է հոդվածում։
Դանիելյանը «Հրապարակ»-ին հաստատել է արտահոսքի հետ կապված խոսակցությունները, սակայն հերքել, որ իրեն դիտողություն են արել:
Հուլիսի 12-ին Գորիսում տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել էին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը և կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը։ Ավելի ուշ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։