Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է մի շարք հարցերի պատասխանել:
«Դուք ասացիք՝ եթե Հայաստանը կհրաժարվի ճանապարհից ․․․ Հայաստանը չի հրաժարվելու ճանապարհից, որովհետև դա մեր օրակարգն է»,- հայտարարել է վարչապետը՝ խուսափելով ուղիղ պատասխանել Armenia Today-ի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի առաջարկներից հրաժարվելու դեպքում Հայաստանին սպառնո՞ւմ են պատժամիջոցների տեսքով հնարավոր բացասական հետևանքներ։
Փաշինյանը նաև խուսափել է պատասխանել այն հարցին, թե կա՞ն փաստեր, որոնք հաստատում են Սամվել Կարապետյանի կողմից կառավարվող ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի միտումնավոր անջատումների մասին իր իսկ հայտարարությունները:
Վարչապետը միայն պատասխանել է, որ անհրաժեշտ է «գտնել այդ հարցերի պատասխանները»։
Կառավարության ղեկավարը նաև չի մեկնաբանել Հայաստանում ներդրումային միջավայրի վրա ՀԷՑ-ի՝ պետության վերահսկողությանը հանձնելու հնարավոր բացասական հետևանքները:
Նա ուղիղ չի պատասխանել նաև 2022 թվականի ապրիլին վարչապետի ավտոշարասյան վրաերթի հետևանքով հղի Սոնա Մնացականյանի մահվան մասին հարցին։
«Պատկերացրեք՝ մետրոյի վագոնում նստած եք, երեք վագոն այն կողմ մարդու են վրաերթի ենթարկում, դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»,- ասել է Փաշինյանը։
Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչու գործով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։