Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-ի ալիքով։
«Եվրոպացի մեր գործընկերները և մենք արձանագրել ենք, որ որևէ երկրի՝ Եվրոպական միության անդամ դառնալը պարզ պրոցես չէ։ Նախ Եվրոպական միությնա բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնվեն և նույնքան, բայց ոչ պակաս կարևոր է՝ երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ երկրում բարեփոխումներ են իրականացվում այդ չափանիշներին համապատասխանելու համար։
«Կա երկու տարբերակ՝ կամ Հայաստանին ընդունում են Եվրոպական միության անդամ կամ Հայաստանին չեն ընդունում Եվրոպապան միության անդամ։ Եթե Հայաստանին ընդունում են, շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում՝ էլի Հայաստանը այդ կետի վրա լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանո ղերկիր», – հավելել Է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտնել է, որ Բրյուսել կատարած իր վերջին այցի ընթացքում քննարկվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը:
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Մանրամասները՝ տեսանյութում։