Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության նպատակադրումը:
Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային և տարածաշրջանային նշանակության հարցեր:
Այսօր ավելի վաղ Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հանդիպման ժամանակ ԵՄ-ն առաջարկել էր գնահատել ՀՀ կարիքները՝ որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները անվտանգային և պաշտպանական մի շարք մտահոգությունների համար։