Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հանդիպման ժամանակ ԵՄ-ն առաջարկել է գնահատել ՀՀ կարիքները՝ որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները անվտանգային և պաշտպանական մի շարք մտահոգությունների համար, հայտնել է ՀՀ կառավարությունը։
Ըստ հրապարակման՝ հարցը վերաբերում է արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին։
«Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարել է անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1,5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,- նշել են կառավարությունից։
Կոշտան և ֆոն դեր Լայենը շնորհակալություն են հայտնել Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար:
«Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Կողմերն ընդգծել են Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակներում ներգրավելու հնարավորության կարևորությունը, ասված է հայտարարության մեջ։