ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ միջոցառմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջին 35 տարում երկրում հաստատված իրավակարգը, նրա տպավորությամբ, ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ՝ առանց իրենց մասնակցության: «Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, թեև, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտակմամբ՝ դա է պատճառը, որ ՀՀ-ում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ:
«Ինչպիսի ոսկեղենիկ Սահմանադրությունն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել՝ որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը, լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է:
2024 թվականի հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Ապրիլին Փաշինյանը պնդել էր, որ Սահմանադրության նոր տարբերակի ընդունման նախաձեռնությունը կապված չէ Բաքվի կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ: Մայիսի 7-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում: