Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո Ազգային ժողովի անդամների միջև վեճ է սկսվել, որը տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու մասին օրինագծի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստում։
Աղազարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները միտումնավոր վատթարացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի «վաղը դիմեն Արևմուտքին, որն սկսվում է Թուրքիայից»։
Նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի հետ մերձեցումը Թուրքիայի միջոցով կարող է ենթադրել Բաքվի կողմից առաջ քաշված պայմանների կատարում, մասնավորապես՝ 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման պահանջ էր ներկայացրել՝ որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմաններից մեկը։
«Ռուսական կողմին կոչ եմ անում չտրվել մեր (հայկական կողմի-AT) սադրանքներին»,- եզրափակել է Աղազարյանը, որից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն սկսել է Աղազարյանի հասցեին գոռալ «ամոթ» և այլ քննադատական արտահայտություններ հնչեցնել, իսկ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը (ՔՊ խմբակցություն) նրան անպարկեշտ բառերով հայհոյել է։
Աղազարյանը, ինչպես երևում է նիստի կադրերում, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների բղավոցների՝ շիշ է նետել նրանց ուղղությամբ։ Խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Աղազարյանի ելույթն արտացոլում է օտարերկրյա պետության շահերը, և պահանջել, որ նա լքի նիստերի դահլիճը։