«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկության ներառումը, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել»,- նշել է Գալստյանը:
Պատգամավորի առաջարկությունը վերաբերում էր Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու մասին վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելուն՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը։
Գալստյանը շեշտել է, որ Արցախի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում։
«Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են»,- շեշտել է ՀՅԴ անդամը։
Նա կոչ է արել հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին, որը ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը, նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, ինչն այսօր ոչնչացվում է՝ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ Ադրբեջանում գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։