Ստամբուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։
Ըստ հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականությանն իր հանձնառությունը։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են ուղիղ կապերն ու երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ զարգացումները, մասնավորապես, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին՝ մասնակցելու 2026թ. մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Փաշինյանի հետ հունիսի 20-ին Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնացն է, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլք:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 17-ին հաստատել էր, որ Փաշինյանն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։
Հունիսի 17-ին 24news-ը հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը։
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել ապրիլին՝ Անթալիայի տնտեսական ֆորումին։