Ոստիկանության բաժին են կանչել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին ու բերման են ենթարկել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանին, հայտնել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա պարզաբանել է, որ նախկին թաղապետերը ոստիկանությունում են նույն հիմքերով, ինչ նախկինում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստները: Պատգամավորը նշել է, որ Մնացականյանը «Սրբազան պայքար» շարժման համակիր է։
Դանիելյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ազատ է արձակել նաև ավելի վաղ ձերբակալված ակտիվիստներից երեք անձի, այդ թվում՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին:
Նա մանրամասնել է, որ բերման ենթարկվածներից Վարազդատ Ամիրջանյանին բաժնում հարցրել են, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։ «Հիմարագույն, տխմարագույն հարցեր են տվել, 3 ժամ պահելուց հետո բաց են թողել»,- ասել է Դանիելյանը։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ։
Ըստ հաղորդագրության՝ ստացված տեղեկությունները ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։ Նշվում է, որ ՄԻՊ «լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»:
Այսօր ավելի վաղ ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժումը հայտնել էր 17 համակիրների ձերբակալության մասին: Իր մարզային կառույցների ներկայացուցիչների ձերբակալության մասին հայտնել էր նաև «Դաշնակցություն» կուսակցությունը։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ ունի հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։