ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին՝ մասնակցելու 2026թ. մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին գրում է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթը:
Ըստ ԶԼՄ-ի՝ Փաշինյանը, խոսելով Թուրքիա կատարած այցի մասին, ասել է, որ կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային նման զարգացումների առկայության պարագայում: ՀՀ վարչապետը համոզված է՝ առկա է նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն:
Նա նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը առաջնահերթ է՝ հիշեցնելով, որ կարգավորման գործընթացի սկզբում քննարկումներն ընթանում էին երրորդ երկրների միջնորդությամբ։
«Ակօս»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ «կարգավորման գործընթացի սկզբում ներսում հաճախ հնչել է հարց՝ «արդյոք դա հաջողությո՞ւն կունենա», բայց հավելել է՝ «անհրաժեշտ է ճիշտ ձևակերպել խնդիրները»։
«Մենք արդեն ուղի ենք ընտրել, և խնդիրները լուծելու ամենակարևոր ճանապարհը միմյանց ուղիղ լսելն ու հաջողությանը հավատալն է», – ասել է նա:
Փաշինյանի հետ հունիսի 20-ին Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնացն է, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլք:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 17-ին հաստատել էր, որ Փաշինյանն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։
Հունիսի 17-ին 24news-ը հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը։
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել ապրիլին՝ Անթալիայի տնտեսական ֆորումին։