Իրանի ներկայիս «զբաղվածությունը» (կապված Իսրայելի հարձակման հետ- AT) վտանգավոր վիճակ է ստեղծում Հայաստանի համար, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե Իրանը եզակի կամ հիմնական երկրներից էր, ով փորձում էր կանխել ՀՀ-ի համար գլխավոր խնդիրներից մեկը` թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշվող միջանցքի գաղափարը, ապա ի՞նչ իրադարձությունյուններ են սպասվում առաջիկայում»,- նշել է պատգամավորը:
Աբրահամյանը հիշեցրել է, որ հունիսի10-ին Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվել է:
Պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանում իր մեծ դերն ունի նաև ՌԴ-ն, սակայն Մոսկվան էլ մխրճված է ռուս-ուկրաինական «թնջուկում» և իրավիճակը նաև այս տեսանկյունից ՀՀ-ի համար առավել վտանգավոր է դառնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին հայտարարել էր` Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը։ Նրա կարծիքով՝ այս նախագիծը կծառայի «տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
Հայաստանի կառավարությունը, ի պատասխան Ադրբեջանի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով ճանապարհ ապահովելու» պահանջին, առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու ուղիների վերաբերյալ։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն, իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
Կարդացեք նաև՝