Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, Մարսելում կայացած «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գերազանց հարաբերություններ ունի չորս հարևան երկրներից երկուսի՝ Վրաստանի և Իրանի հետ, և ջանում է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Ըստ նրա՝ պատրաստվում են բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել են կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»:
«Մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև կապ հաստատելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում:
«Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում։ Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը»,- ասել է նա:
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։