Հայ կոնյակագործները պայմանավորվել են վրացիներից գնել կոնյակի սպիրտ, սակայն հետո հրաժարվել են՝ բարձր գնի պատճառով, ինչը հանգեցրել է հայկական կոնյակի արտահանման ուշացումների, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ վրացիները սպիրտի արտադրության վրա արդեն որոշակի ծախսեր են կատարել և հիմա փորձում են դրանք հետ բերել՝ ստիպելով, որ հայերն ամեն ֆուռից մի քանի հարյուր դոլար կաշառք վճարեն իրենց։
Լրատվականի տեղեկություններով՝ վրաց բիզնեսմենները Վրաստանի իշխանությունների իմացությամբ են գործում, իսկ ՀՀ իշխանությունը չի կարողանում այս տնտեսական խնդիրը հարթել նրանց հետ։
Ապրիլի կեսից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և այլ ալկոհոլային խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ են անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում: Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։
Հունիսի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի Հայաստան այցի մասին՝ իրավիճակը քննարկելու համար: Հունիսի 7-ին վրացի նախարարի այցը չեղարկվել էր։