Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Ընտանեկան փոդքաստ»-ի նոր թողարկումներ կհրապարակվեն ու հասանելի կլինեն սոցիալական հարթակներում, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետի աշխատակազմից վստահեցրել են՝ փոդքաստը լիովին ծառայել է իր նպատակին՝ «հանրության հետ տարբեր արդիական թեմաների շուրջ անկաշկանդ և անմիջական քննարկումների համար ստեղծելով հարթակ»։
Հարցման պատասխանի մեջ, միևնույն ժամանակ, հստակեցված չէ, թե ո՞րն էր փոդքաստի նպատակը։ Նաև չի նշվել, թե ե՞րբ կլինի դրա շարունակությունը։
Հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ «Ընտանեկան փոդքաստի» համար ծախսերն արվել են 2024 թվականին Հակոբյանի սեփականությունը հանդիսացող բնակարանի վաճառքից գոյացած գումարից։