Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, Ֆեյսբուքի իր էջում
գրել է Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության կոմղից իմփիչմենթի գործընթացի շրջանակներում առաջադրվել է վարչապետի պաշտոնի թեկնածու։
«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ՝ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին: Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ՝ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և, իհարկե, մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը»,- ընդգծել է նա։
Համբարձումյանի խոսքով՝ իշխանազավթման առաջին օրից բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել է աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ:
«Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է: Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից»,- գրել է նա։
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Համբարձումյանին
առաջադրել էր վարչապետի պաշտոնի թեկնածու։ Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։
Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ: