ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներին։
Նրա խոսքով՝ «ունեն ենթադրություններ, բայց առանց փաստերի»։
«Որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։ Այնտեղ, որտեղ կան փաստեր, բացակայում է դրանց իրատեսական բացատրությունը»,- Telegram-ում գրել է Գևորգյանը։
Նա արդար և բարոյական չի համարել որպես իր սեփականություն ներկայացնել այն ունեցվածքը, որն իրականում պատկանել է և պատկանում է կնոջ հարազատներին։
«Թելման և Վալերի Սահակյանները Հայաստանի և Ռուսաստանի խորհրդային և ժամանակակից շրջանների հայտնի բիզնես դինաստիայի հիմնական ներկայացուցիչներն են, նրանք ակտիվորեն զբաղվել են տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ դեռևս այն ժամանակ, երբ ես դպրոց էի գնում»,- նշել է նա։
ՀԿԿ-ն Գևորգյանին մեղադրում է շուրջ 5 մլրդ դրամի չափով փողերի լվացման մեջ։
Գևորգյանը 2008-2014 թվականներին զբաղեցրել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը։ Նա նաև զբաղեցրել է ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի պաշտոնները։ Գևորգյանն անցնում է նաև մարտի 1-ի գործով։