Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու նկատմամբ թույլ տրված խախտումների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա հիշեցրել է, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
«Ցանկացած իրավիճակում բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն ցուցաբերելու պարտականություն ունեցող Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով խտրական վերաբերմունքով պայմանավորված ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, ինչպես նաև փորձում է միջամտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարմանը»,- գրել է Զոհրաբյանը:
Փաստաբանն ակնկալում է, որ հանձնաժողովը վարույթ կհարուցի և եզրակացություն կընդունի Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին:
Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝ հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը և օբյեկտիվությունը:
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։