ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հոգևորականների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած վիրավորական գրառումներին և պատասխանել 1994 թվականի զինադադարի մասին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարություններին։
«Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակն արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնությանը, որի նպատակն է խարխլել և վարկաբեկել ամենը, ինչն այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները և խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական եկեղեցին, Հայոց պատմությունը, Սահմանադրության կապն Անկախության հռչակագրի հետ և, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ»,- գրել է նա։
Զուրաբյանը շեշտել է, որ բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք է հետևողականորեն հակահարված տալ՝ «նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի և պարկեշտության վերջին նշույլներն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին»։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ 1994-ին տարած հաղթանակի վարկաբեկման գործին լծվել է նաև Բաբայանը, որը «բոլոր փաստերին և փաստաթղթերին հակառակ՝ փորձում է ապացուցել, որ 1994-ին եղել է ոչ թե հաղթանակ, այլ պարտություն»։ Նա մեջբերել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ և ղարաբաղյան կարգավորման միջնորդական առաքելության այն ժամանակվա ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի Мир Карабаху գրքից որոշ հատվածներ, որտեղ, ի հակառակ Բաբայանի պնդումների, նշվում է, որ Ադրբեջանի հետ կնքված զինադադարն անժամկետ է։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»՝ նշելով, թե ով ինչ իր ունի, տանում, տեղավորում է եկեղեցիներում։ Նա նաև մայիսի 30-ի առավոտյան մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում նրա հայտարարություններին ի պատասխան։