Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մայր Աթոռի դեմ «հարձակումները» նախապատմություն ունեն, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ կհիմնեն, ապա զանգվածային հարձակումներ էր սկսել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ:
«Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո´չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ»,- նշել է պատգամավորը:
Աբրահամյանի խոսքով՝ «Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն էր արել Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ է սահմանել»:
«Իշխանության նպատակը շատ պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացմամբ ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը` դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»,- ընդգծել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ի առավոտյան մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում նրա հայտարարություններին ի պատասխան։