«Մուրացան» ԲԿ-ում 1,5 տարեկան երեխա է մահացել, Armenia Today-ին հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Ըստ ԲԿ-ի ավելի ուշ տարածած հայտարարության՝ մայիսի 28-ին անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ ծնված 27.11.2023թ.՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն անարդյունք, և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը:
Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս ծայրահեղ մտահոգիչ էին, ասված է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը՝ տեղափոխվել է բուժհաստատության թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։
«Ըստ մոր պատմածի՝ երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո՝ դեպքից 2 օր առաջ, երեխան ունեցել է փսխումներ, անհանգստություն, ընդհանուր թուլություն, և մայրը երթուղային տաքսիով տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր»,- ասված է հրապարակման մեջ:
ԲԿ-ից հավելում են, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին:
Նշվում է նաև, որ մայիսի 6-ին Վեդու բժշկական կենտրոնից երեխային ուղեգրել են «Մուրացան» հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունն արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։