ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման օրն ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը, կառավարության ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բարձրաձայն խոսում է իր մոտեցումերի մասին, հայկական կողմն էլ տվյալ հարցերի վերաբերյալ ունի իր մոտեցումները։
«Դիվանագիտական խողովակներով խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ստորագրելու համար։ Շարունակում ենք աշխատել։ Պայմանագրի տեքստը վերջնականացված է, և միակ անհրաժեշտությունն ստորագրելն է»,- նշել է Գրիգորյանը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։