Իսրայել պետության շահերը նաև Հայաստանի հետ են կապված, News.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը:
«Այն, որ մեկ երկրի շահերը կապված են այլ երկրների հետ, չի նշանակում, թե չի կարելի ունենալ նաև մեկ այլ երկիր որպես բարեկամ և շահերի ուղեկից։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ։ Դա մեզ համար կարևոր է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին չպե՞տք է անհանգստացնի այն, որ Իսրայելը ռազմավարական գործընկեր է և դաշնակից Ադրբեջանի համար։
Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրները հարաբերությունները խորացնելու ուղիներ կգտնեն։ Դիվանագետը, սակայն, չի մեկնաբանել հարցը, թե Ադրբեջանը, ըստ բաց աղբյուրների, զենք է գնում նաև Իսրայելից:
Ինչ վերաբերում է Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի գույքը բռնագանձվելու հնարավորությանը, որի առթիվ Հայոց պատրիարքը նամակ էր գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով միջամտել խնդրի լուծմանը, դեսպանն ասել է. «Այս հարցը դատական պրոցեսներում է գտնվում, մենք չենք կարող միջամտել արդարադատության ընթացքին։ Հարցը գտնվում է դատական պրոցեսներում, եւ դրանց արդյունքում կորոշվի, թե ինչ կլինի»։
Փետրվարի 19-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացրել էր, որ 1994 թվականի մունիցիպալ հարկի ենթադրյալ պարտքի պատճառով Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է առգրավել և աճուրդով վաճառել պատրիարքությանը դարեր շարունակ պատկանող անշարժ գույքը։ Պատրիարքարանից նշել էին, որ պարտքը կամայականորեն պարտադրվել է քաղաքային պաշտոնյայի կողմից՝ առանց պատշաճ դատավարության: Միևնույն ժամանակ՝ հավելել էին, որ Երուսաղեմի քաղաքապետարանն ինքը չվճարված վարձավճարների տեսքով միլիոնավոր դոլարներ է պարտք պատրիարքարանին: